Գնիշիկաձորը խաղողագործության օրրան
05.09.2019
Վայոց ձորի նախալեռնային գոտու լանդշաֆտն ու կլիմայական պայմանները խիստ բարենպաստ են պտղաբուծության` հատկապես խաղողի որթի մշակման համար: Խաղողագործության հիմքերն այստեղ դրվել են Ք.ա. IV հազարամյակի սկզբներին, որոնք փաստվում են Արփա և Գնիշիկ գետերի միախառնման վայրին մոտ գտնվող Արենի-1 քարայրի ուշ էնեոլիթյան շերտերից հայտնաբերված հնաբուսաբանական նյութերով: Մեր օրերում այստեղ ծաղկում ապրող խաղողագործական մշակույթի հազարամյակների ավանդույթ ունենալու մասին են վկայում նաև հնագիտական տվյալները` բրոնզ-երկաթիդարյան, անտիկ ու միջնադարյան հուշարձանների և դրանց շրջակայքում պահպանված այգիների հետքերը, ոռոգման համակարգերը, պեղումներով հայտնաբերված աշխատանքային գործիքները, տնտեսական, ծիսական ու այլ բնույթի իրերը: Հատկապես դիտարժան են Գնիշիկ գետի հովտի երկայնքով տարածվող հին այգիներն ու դրանց ոռոգման համակարգերը: Այս այգիների վերաբերյալ հիշատակություններ կան պատմական ու վիմագրական աղբյուրներում: XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմության» մեջ, Նորավանքի ս. Ստեփանոս եկեղեցու կառուցման ու նրան նվիրաբերած կալվածքների առնչությամբ, Թմաձոր անունով հիշատակում է նաև Գնիշիկաձորը: Ս. Ստեփանոս եկեղեցու գավթի 1261 թ. մի արձանագրության մեջ Սմբատ Օրբելյան իշխանաց իշխանը հաղորդում է Գինիշիկաձորի իր այգին եկեղեցուն նվիրելու մասին (ԱՍՏԾՈ ՀՈՒՅՍՈՎ ԵՍ`ՍՄԲԱՏ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ, ԻՄ ՍՐՏԻ ՀՈԺԱՐՈՒԹՅԱՄԲ ՏՎԻ ՍՈՒՐԲ ՆԱԽԱՎԿԱՅԻՍ ԻՄ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԱԶԱՏ ԳՅՈՒՂԸ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ, ԼԵՌՆԵՐՈՎ ՈՒ ԴԱՇՏԵՐՈՎ ԵՒ ԳԻՆԻՇԻԿԱՁՈՐԻ ԻՄ ԱՅԳԻՆ …): Նորավանքի նվիրատվական արձանագրությունների գերակշիռ մասը վերաբերում է այգիներին, ինչը հիմք է տալիս ենթադրելու վանքապատկան տնտեսության, այդ թվում` խաղողագործության ու գինեգործության կարևոր նշանակության մասին: Նորավանքը, որպես գիտակրթական և մշակութային խոշորագույն կենտրոն, որտեղ ծաղկում էին գրչությունը, ճարտարապետությունն ու խաչքարագործությունը, անշուշտ ձևավորվել է նաև տնտեսական հզորության հիման վրա: Ուշագրավ է վանքի հարևանությամբ գտնվող գյուղատեղում հայտնաբերված խաչքարի արձանագրությունը` այգի տնկելու և հնձան կառուցելու մասին: Այգեգործությունն ու գինեգործությունը Հայկական լեռնաշխարհում ավանդաբար ունեցել են քաղաքակրթական նշանակություն` հայ ժողովրդի համար դառնալով համախմբող ու հավաքական ինքնություն ձևավորող առանցքային գործոն, որպես աշխատանքի, առատության և խնջույքի գովաբանություն:
(18 Նկար)